Գյումրիում Պատվո Բլրի բարեկարգման աշխատանքների քննարկման նպատակով հուլիսի 15-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:

Ներկաները, տեղում ծանոթացել են ընթացող շինարարությանը, բարձր գնահատել կատարված աշխատանքները, փաստել կառույցի յուրօրինակությունն ու առանձնահատկությունը, ինչպես նաեւ կարեւորել են հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցության առավել խորացման անհրաժեշտությունը: 

Նշենք, որ Գյումրի քաղաքում վերականգնվում է «Պատվո բլուր» կոչվող` 1853-56թթ. եւ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի սպաների եւ զինվորական բժիշկների գերեզմանատունը, որի տեղում անցած դարի 50-ական թվականներին կառուցվել էր մանկական առողջարան:

2009թ. դեկտեմբեր ամսից սկսվել էին քանդման, վերակառուցման ու բարեկարգման աշխատանքները, որոնք ամբողջությամբ իրականացնում է հատուկ այդ նպատակով ստեղծված  «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը:

Պատվո Բլրի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտին: Հանդիսավոր բացումը տեղի կունենա օգոստոսի կեսերին: