Հուլիսի 14-ին բացվել է Դամասկոսի 57-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցում է նաեւ Հայաստանը:

Հայկական տաղավարում ներկայացված են հայաստանյան 20-ից ավելի, այդ թվում` «Ջերմուկ Գրուպ», «Դիլիջան», «Արզնի», «Ռոյալ Արմենիա», «Սիգարոն» ընկերությունների գործունեությունը լուսաբանող տեղեկատվական եւ գովազդային նյութեր:

Բացման պաշտոնական արարողությունից հետո հայկական տաղավար են այցելել Սիրիայի վարչապետ Մուհամմադ Նաջի Օտրին, կառավարության անդամներ, դիվանագետներ, լրագրողներ:

Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի հետ կարճատեւ զրույցի ընթացքում Սիրիայի վարչապետը գոհունակություն է հայտնել երկարամյա ընդմիջումից հետո ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կապակցությամբ` ընդգծելով, որ Հայաստանի մասնակցությունը նման լուրջ միջազգային միջոցառումների նոր խթան կհանդիսանա հայ-սիրիական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են հայ-սիրիական տնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

Հայկական տաղավարի այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հայկական արտադրության ապրանքների, մասնավորապես` հանքային ջրերի նկատմամբ:

Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 50 երկիր Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից, Ասիայից եւ Հարավային Ամերիկայից: