20 տարիների ընթացքում թուրքական կողմից առաջ քաշած հռետորաբանությունը, առաջարկություններն ու դրույթները ցույց են տալիս, որ Անկարայի քաղաքական համակարգն ու քարոզչամեքենան լուրջ ճգնաժամի մեջ են գտնվում: Այդ մասին այսօր՝ փետրվարի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի՝ Գալիպոլիի ճակատամարտը տարելիցը ապրիլի 24-ին նշելու մտադրությանը:

Թուրքագետը հավելեց, որ ըստ էության սպառվել են բոլոր այն առաջարկությունները կամ դրույթները, որոնք կարող էր Թուրքիան առաջ քաշել: Եթե դիտարկենք Էրդողանի՝ իշխանության գալու ժամանակահատվածից մինեւ օրս, ապա պետք է նշել, որ անընդհատ նույն մտքերն են կրկնվում: «Նրանց քաղաքական կամքի դատարկությունը ապացուցում է, որ 13 տարվա ընթացքում չկարողացան նոր, գոնե գաղափար-թակարդ ստեղծել իրենց քաղաքական հեռտորաբանության մեջ: Անընդհատ խոսվում է պատմաբանների հանձնաժողովի, արխիվների մասին եւ այսօր հերթը հասել է տոների անիմաստ հռչկմանը», - նկատել է թուրքագետը:

Նա հավելեց, որ Դարդանելի մոտ ճակատամրտը ոչ մի առնչություն չունի ապրիլի 24-ի հետ: «Այն, որ այդ ճակատամարտի տարելիցը միշտ նշվել է մարտի 18-ին,  նույնպես փաստ է: Ստամբուլում գործում է «Դարդանել մարտի 18» անունով համալսարանը: Կարծում եմ, որ հետայսու դրանք պետք է փոխեն համալսարանի անվանումը՝ այն անվանելով «Ապրիլի 24-ի համալսարան», - ասել է Մելքոնյանը: