Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեծ ռիսկի գնացող խաղացով չէ, սակայն նույնիսկ նա անցյալ շաբաթ խոստովանեց, որ Ուկրաինայում խաղաղության որոնումների հարցում իր առաքելությունը ռիսկային խաղադրույք էր: Այս մասին «The New York Times»-ում հրապարակված իր հոդվածում գրել է վերլուծաբան Սելեստինա Բոլենը՝ հավելելով, որ տեղեկություններից մեկի համաձայն, երբ հինգշաբթի Օլանդը Փարիզում մոտեցավ ամբիոնին եւ հայտարարեց իր ծրագրերի մասին, դեռեւս Կրեմլից համաձայնություն չէր ստացել Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ:

Անդրադառնալով Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի անսպասելի նախաձեռնությանը՝ հոդվածի հեղինակը նշել է. «Եվրոպական զույգը «լավ ոստիկանների» դեր խաղաց ընդդեմ ամերիկյան «վատ ոստիկանների», որոնք ներկայում հրապարակայնորեն քննարկում են, արդյո՞ք հարկավոր է «մահացու» պաշտպանական զինտեխնիկա ուղարկել դժվար իրավիճակում գտնվող ուկրաինական բանակին»:

Հոդվածագիրը կարծում է, որ դա դասական մանեւրում էր, որը, հնարավոր է, համաձայնեցված էր Վաշինգտոնի հետ, հնարավոր է՝ ոչ: «Ոչինչ այդքան չի կենտրոնացնում դիվանագիտական ջանքերը, որքան ռազմական իրադրության սրման վտանգը, որին այս դեպքում ակտիվորեն դիմակայում են Գերմանիան եւ Ֆրանսիան: Դեռեւս երկուշաբթի հայտնի չէր, արդյո՞ք եվրոպական առաքելությունը խաղաղություն կբերի»,- գրում է նա՝ հավելելով, որ եթե այդ առաքելությունը խաղաղություն չբերի, եւ եթե Միացյալ Նահանգները որոշի զենք մատակարարել, ճեղք կառաջանա Հյուսիսատլանտյան դաշինքում:

Հոդվածի հեղինակը նշում է, որ եւս մեկ խնդիր կա. ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը: Նա մատնանշում է, որ ոչ ոք այդ հարցը չբարձրացրեց հինգշաբթի կայացած մամուլի ասուլիսում, բայց Օլանդը, ամեն դեպքում, պատասխանեց. «Ֆրանսիան կողմ չէ Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը: Թող դա բացարձակապես հստակ լինի»:

Ըստ վերլուծաբանի, այդ հարցում Օլանդի համառությունը մատնանշում է, որ նա թիրախային լսարան ուներ, հնարավոր է՝ բաղկացած երեք խաղացողներից: «Դրանցից մեկը, իհարկե, Ուկրաինան էր, որի խորհրդարանը դեկտեմբերին ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց երկրի անդամակցության դեմ օրենքը չեղարկելու եւ «ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խորացնելու օգտին՝ անդամակցության համար չափանիշներին հասնելու նպատակի» օգտին:

Մյուս խաղացողը Ռուսաստանն էր, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը միշտ վտանգի ահազանգ է եղել: Երրորդ հասցեատերը կարող էր Վաշինգտոնը լինել: Փարիզում որոշ դիվանագետներ եւ դիտորդներ կարծում են, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը, որին 2008 թվականին համառորեն ձգտում էր Բուշի վարչակազմը, եւ որն արգելափակում էին Ֆրանսիան եւ Գերմանիան, թեպետ աննկատ, բայց շարունակում է մնալ Օբամայի վարչակազմի սեղանին»,- գրում է նա:

Սելեստինա Բոլենը կարծում է, որ ՆԱՏՕ-ի հարցը նման զգայուն ժամանակաշրջանում բարձրանելով՝ Օլանդը եւս մեկ խաղադրույք է կատարում: Հնարավոր է՝ նրա համար, որպեսզի հող նախապատրաստի առաջիկա կոշտ բանակցությունների համար, ինչը, սակայն կրկին սպառնում է ճեղք գոյացնել արեւմտյան դաշինքի եւ ուկրաինական գործընկերոջ միջեւ: