Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) գիտխորհուրդն ընդամենն արձանագրել է, որ բուհի ուսխորհուրդը լեգիտիմ չէ եւ ուսանողների ընտրություն չի կատարվել: Ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանի հայտարարությանը, թե բուհի ղեկավար կազմն օրինական ոչ մի իրավունք չունի ուսանողական ինքնավար մարմնի ստեղծման եւ գործունեության կանոնակարգը մշակել, այսպես արձագանքեց համալսարանի աշխատակազմի ղեկավար Սամսոն Զատիկյանը:

«Կապ չունի, թե ով է մշակում կամ ստեղծում կանոնակարգը՝ ուսխորհուրդը, գիտխորհուրդը, թե ռեկտորատը, հաստատում է միայն նախարարը: Մշակելու ընթացքում էլ այն պետք է քննարկման առարկա դարձնել, ոչ թե դա անել գաղտնի, ինչպես որ ուսխորհուրդն արեց: Նրանք դա արել են՝ առանց որեւէ մեկի գիտության, շրջանառության չի դրվել եւ ոչինչ արվել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամսոն Զատիկյանը՝ հավելելով, որ ուսխորհրդի ընտրությունն էլ չի եղել, ուսանողները հայտարարել են, որ Գոռ Վարդանյանն է իրենց նշանակել:

Նա հայտնեց, որ իրենք այս խնդրով արդեն դիմել են ԿԳ նախարարին, որն էլ այժմ ստուգումներ է անցկացնում բուհում:

Նշենք, որ ուսխորհրդի նախագահը ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը ցանկանում է «խառնվել» ուսխորհրդի աշխատանքներին՝ հաշվի չառնելով օրենքը: