Ֆրանսիայում Վարդան Պետրոսյանի աջակցության կոմիտեն այդ երկրի ղեկավարությանը կոչ է արել միջամտել եւ հասնել Հայաստանում դատապարտված հայտնի դերասանի ազատ արձակմանը: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» պարբերականը:

«Հայաստանի դատարանն անմեղ դերասանին եւ Ֆրանսիայի քաղաքացուն դատապարտել է 5 տարվա ազատազրկման ճանապարհային վթարի համար, որում նա մահից փրկվեց, իսկ ֆրանսիական իշխանություններին դա չի անհանգստացնում: Մինչեւ ե՞րբ պետք է Ֆրանսիան սատարի այս դիմակահանդեսը, որում կանխամտածված կերպով վտանգի է ենթարկվում իր հայրենակիցը, որին նա պետք է պաշտպանի»,- ասված է կոմիտեի տարածած հայտարարությունում:

Դրա հեղինակները նաեւ նշում են, որ այս մութ գործի առնչությամբ Ֆրանսիայի լռությունն այլեւս չի կարող արդարացված լինել՝ չվերածվելով մեղսակցության: «Եվ հիմա ո՛չ Ֆրանսիայում, ո՛չ Հայաստանում, ոչ ոք մեր երկրին չի խանգարում նրան օգնության հասնել: 2015 թվականի ապրիլի 24-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահը Հայաստանում է լինելու՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Այդ առիթով Ֆրանսիան պետք է վերջապես պաշտոնական աջակցություն հայտնի Վարդան Պետրոսյանին եւ պահանջի, որպեսզի Ֆրանսիայի քաղաքացին կրկին ազատություն ստանա»,- հայտարարել են նրանք:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի արդյունքում 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման: