ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մադատից զրկելու հարցը քննարկվելու է Ազգային ժողովում: Այս մասին այսօր` փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Այդ հարցը անպայման քննարկման առարկա է լինելու, այդ մասին խոսեց նաեւ Ազգային ժողովի նախագահը՝ ընդունելով իր մեղքը, որ ժամանակին դա չի արել»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Գագիկ Մելիքյանի խոսքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով «իր տեղը դրվեց այն, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում»:

«Ելույթով իրերն սկսեցին իրենց անունով կոչվել: Այսինքն՝ թալանչին չի կարող բարերար լինել: Իրական հարկային դաշտում աշխատող որեւէ գործարար չի կարող այդպիսի բարեգործություններ իրականացնել ու նման հարստություն  դիզել»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ: