Մարդն ընդունելի է չափի մեջ, իսկ երբ նա անչափության դավանանք է ունենում, արդեն իսկ դառնում է ծիծաղելի: Այս մասին փետրվարի 12-ին ՀՀԿ Խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով նիստի ընթացքում Սերժ Սարգսյանի հնչեցրած՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քննադատությանը:
«Քաղաքական զավեշտի մասին էլ. եռյակ, ընդդիմություն, հետո՝ «Բարգավաճ», «Բարգավաճի» շուրջը հավաքվել, երբեմն՝ ողորմություն խնդրել, հետո առաջ գնալ, հետո հայտարարություն ամբողջ աշխարհով, որ մեծ գործ են կատարում, որ «շտաբներ ենք բացում»: Հետո ամիսներն անցնում են, ամփոփում են, որ շտաբները բացեցինք, և մի փոքր ճայթյուն ու 100 հազար ժողովուրդ կհավաքվի»,- ասաց Գալուստ Սահակյանը:
ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր միայն 2000 սկզբնական կազմակերպություն ունի, չհաշված շրջանային և տարածքային կազմակերպությունները:
Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստին հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ ԱԺ-ում գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։





























