Բուլղարիայի Հայերի Միությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը, որով նա խորհրդարանից հետ է կանչել հայ-թուրքական արձանագրությունները:

Թուրքիայի Հանրապետությունը, ի դեմս իր իշխանությունների, եւս մեկ անգամ ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ չընդունելով Հայաստանի կողմից հաշտության սկիզբ դնելու համար պարզված ձեռքը, անմիջական հետեւորդն ու շարունակողն է իր նախնիների, ովքեր ծրագրեցին եւ իրականացրեցին Հայոց ցեղասպանությունը: Միանշանակորեն տեղին եւ արդարացված է Հայաստանի նախագահի քայլը, քանի որ Թուրքիան իր նախնիների կողմից կատարած հանցագործության համար ոչ միայն զղջումի ու ապաշխարության փորձ չի անում, այլ, ընդհակառակը, ավելի ու ավելի է հզորացնում հակահայ քաղաքականությունն ու Ցեղասպանության հանդեպ որդեգրած ժխտողականությունը:

Բոլորս ականատես ենք, թե ինչ լկտիությամբ թուրքական իշխանությունները փորձում են սրբապղծել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ապրիլի 24-ին, երբ ողջ հայությունը պիտի ոգեկոչի Մեծ Եղեռնի Հարյուրամյակը, կազմակերպում են մեծ տոնակատարություններ՝ նվիրված Գալիպոլիի ճակատամարտին: Գրեթե ամեն օր թուրք պաշտոնյաները օգտագործում են ամեն տեսակ առիթներ, որպեսզի ստելով եւ խեղաթյուրելով պատմությունը, ժխտեն Հայոց ցեղասպանության փաստը եւ որեւէ կերպ չեն ցանկանում ընդունել իրենց պատասխանատվության բաժինը:

Հայ-թուրքական հարաբերություններում, հենց Թուրքիայի անթաքույց ցանկությամբ, օրակարգ էր բերվել նաեւ Ղարաբաղյան հիմնախնդիրը: Թուրքիան, բոլոր միջոցներով անմիջականորեն աջակցելով եւ պաշտպանելով Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությանը, որը առանց թաքցնելու վարում է հայատյաց քաղաքականություն, ամեն օր հարյուրավոր անգամներ խախտում է հրադադարի ռեժիմը՝ վտանգելով թե՛ հայ զինվորների, եւ թե՛ հասարակ քաղաքացիների կյանքը, միանշանակորեն ապացուցել է, որ գոնե այս պահին անիմաստ եւ ժամանակի կորուստ է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին խոսելն անգամ:

Բուլղարիայի Հայերի Միությունը հուսով է, որ հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելուն կհետեւի Հայաստանի Հանրապետության ստորագրության հետ վերցնելը այդ արձանագրություններից: