Հայաստանի խորհրդարանից հայ-թուրքական արձանագրությունների հետկանչ քայլ էր՝ ուղղված ներքին քաղաքականությանը՝ Հայ հեղափոխական դաշնակցությանը եւ հայկական սփյուռքին։ Այս մասին փետրվարի 19-ին  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Քաղաքագետը հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը դիտարկում է իբրեւ ներքաղաքական այլ ոչ թե արտաքին քաղաքական գործոն։ «Արտաքին քաղաքական առումով դրանց հետկանչը ոչ մի լուրջ փոփոխությունների չի բերի, քանի որ այդ արձանագրությունները ոչ մի հեռանկար չունեին. կարգավորման գործընթացը սառեցված էր։ Եթե տեսականորեն պատկերացնենք, որ այդ գործընթացն ինչ-որ կերպ կվերականգնվի, դժվար թե դա տեղի ունենա այդ արձանագրությունների տեսքով»,- ընդգծել է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը սկսվեց 2008 թվականի աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: 2009-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում «Դիվանագիտական հարաբերությունների մասին արձանագրություն» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն» ստորագրեցին, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից:

Սակայն արդեն 2009 թվականի դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան արձանագրությունները չի վավերացնի՝ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման: 2010 թվականի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը առկախելու մասին՝ փաստելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին նամակ էր հղել Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու իր որոշման մասին։