ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ին ինտեգրվել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին, որի շրջանակներում, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ԵՊՀ Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում, այսօր՝ փետրվարի 19-ին, կազմակերպել էր տեղեկատվական միջոցառում:

Այն անցկացվեց Հայաստանի բուհերի աշխատակազմի համար փետրվարի 17-19-ը Երեւանում կազմակերպվող եռօրյա ուսուցողական դասընթացների վերջին օրը: ԵՄ երեք փորձագետների մասնակցությամբ դասընթացի թեման էր ուսումնառության վերջնարդյունքների կազմումը, ուսանողների գիտելիքի, հմտությունների եւ կարողությունների մակարդակի գնահատումը, մասնավորապես այնպիսի մեթոդներով, ինչպիսիք են ֆորմալ եւ ոչ ֆորմալ քննությունները, մասնակցությունը դասին, առաջադրանքների կատարումը, ինքնագնահատումը, գնահատումը համակուրսեցիների կողմից եւ այլն, ինչպես նաեւ կրթական մոդուլներում Կրեդիտների կուտակման եւ փոխանցման եվրոպական համակարգի (ԿԿՓԵՀ) կիրառումը: Դասընթացին մասնակցեց շուրջ 30 մասնագետ Երեւանի 12 համալսարաններից:

Դասընթացն անցկացվեց ԵՄ աջակցությամբ հոկտեմբերի 1-ից մեկնարկած «Հայաստանի բարձրագույն կրթության զարգացում եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» երկամյա Թվինինգ ծրագրի շրջանակներում, որի բյուջեն կազմում է 1մլն եվրո:

Ծրագրի համընդհանուր նպատակն է ապահովել ՀՀ եւ Եվրոպայի բարձրագույն կրթության համատեղելիությունը եւ հնարավորություն ապահովել, որպեսզի ուսանողները, աշխատողներն ու շրջանավարտներն օգտվեն շարժունության, որակավորումների միջազգային ճանաչման եւ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի այլ երկրների բուհերի հետ համագործակցության ընդլայնված հնարավորություններից: Ծրագրում ընդգրկված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները եւ ‹‹Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն›› հիմնադրամը: Ծրագրում ներգրավված են շուրջ 60 միջազգային փորձագետներ Ֆինլանդիայից, Գերմանիայից եւ Էստոնիայից:

Միջոցառմանը ներկա էր նաեւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Բորիսլավ Դիմիտրովը: «Այս ծրագիրը եւս մեկ քայլ է ԵՄ-Հայաստան համագործակցությունն ամրապնդելու համար: Այն աջակցում է Հայաստանում կրթական բարեփոխումներին, որոնք ընթանում են Բոլոնիայի գործընթացի շրջանակներում: Կրթության հարցերը միշտ դիտարկվել են որպես հանգուցային առաջնորդող խթաններ զարգացման եւ աշխատատեղերի ստեղծման համար: Սա եւս մեկ հնարավորություն է մասնագիտական կրթությունը համապատասխանեցնելու աշխատաշուկայի պահանջներին: Մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք օգնել Հայաստանին կրթական բարեփոխումների ճանապարհին եւ կիսել մեր փորձառությունը»,- նշեց ԵՄ ներկայացուցիչը:

ՀՀ ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն իր ելույթում անդրադարձավ ծրագրից ակնկալվող արդյունքներին. «Այս ծրագիրը հնարավորություն կտա սահուն կերպով ինտեգրվել եվրոպական բարձրագույն կրթական տարածքին: Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք լուծել մեր առջեւ դրված խնդիրները: Մենք ներգրավվել ենք բազմաթիվ հմուտ մասնագետների եւ՛ գերմանական, եւ՛ ֆիննական կողմից եւ փորձելու ենք գտնել նորագույն լուծումներ»: 

Հայաստանում Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատուն է Կարլ Հոլմը, ով  իր ելույթում նշեց, որ կրթության նկատմամբ սերը բավարար չէ որակյալ կրթական համակարգ ունենալու համար. «Թվում է, թե բոլորը սիրում են կրթությունը: Բայց միայն սերը կրթության նկատմամբ բավական չէ: Պետք է ունենալ նախ՝ կառավարում, ապա՝ ամուր օրենսդրություն: Մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք Հայաստանին այս հարցում: Օրենսդրական դաշտում մենք շատ սերտորեն աշխատելու ենք շահառուների հետ՝ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության եւ որակավորման ազգային կենտրոնի հետ»:

Եռօրյա դասընթացներին ներկա էր նաեւ Ֆինլանդիայի Տուրկուի համալսարանի պրոռեկտոր Ռիտա Պիկյոն, ով   ներկայացրեց Բոլոնիայի գործընթացում Հայաստանի առաջընթացն ապահովելու վերաբերյալ ԵՄ մասնագիտական տեսակետը:

Առաջիկա ամիսներին վերոնշյալ խորագրով դասընթացներ կանցկացվեն ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի այլ մարզերում. նախատեսվում է բուհերի պրոֆեսորադասախոսական եւ ադմինիստրատիվ աշխատակազմերի՝ ուսումնառության վերջնարդյունքներով զբաղվող ավելի քան 90 ներկայացուցչի մասնակցություն:  Այս դասընթացները Բոլոնիայի սկզբունքներին համահունչ ՀՀ նոր օրենսդրության մշակման գործընթացի մի մասն են: