ՀՀ խորհրդարանից հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը պայմանավորված էր ոչ թե փաստաթղթի բովանդակությամբ կամ հայկական կողմի մոտեցման փոփոխությամբ, այլ թուրքական կողմի դիրքորոշմամբ։ Այս մասին փետրվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՊՀ Եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը։

Ըստ նրա՝ թուրքական կողմը  նախապայմաններ է առաջ քաշել, եւ գործընթացի տապալման պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է նրա ուսերին։ «Եթե արձանագրությունները գնահատենք միջազգային տեսանկյունից, ապա բովանդակային առումով ես առանձնապես անհանգստացնող հանգամանքներ չեմ տեսնում։ Հիմնականում խոսքը երկու խնդրի մասին է, որոնց վրա բեւեռված էր հանրության ուշադրությունը՝ հայ-թուրքական սահմանը որոշող համաձայնագրերը եւ տարբեր հանձնաժողովների, որոնց թվում՝ պատմաբանների հանձնաժողովի  ստեղծումը։ Սակայն, եթե մանրամասն ուսումնասիրենք, ապա հնարավոր է, որ այդ անհանգստությունը մի փոքր չափազանցված էր։ Սահմանների որոշման մասին համաձայնագրերում խոսվում է հայ-թուրքական արձանագրությունների ներածականի մասին։ Արձանագրությունները հանդիսանում են միջազգային համաձայնագիր, եւ դրա հետ կապված բոլոր հարցերը կարգավորվում են 1969թ. Վիեննայի կոնվենցիայով, որը հստակ սահմանում է, որ միջազգային համաձայնագրերի ներածականները չեն սահմանում միջազգային իրավունքի նորմերը որպես այդպիսիք, այսինքն՝ արձանագրությունների ներածականում առկա դրույթները չեն  կարող որոշել կողմերի իրավունքներն ու պարտավորությունները»,- արձանագրել է մասնագետը։

Ինչ վերաբերում է հանձնաժողովների, այդ թվում՝ պատմաբանների հանձնաժողովի ձեւավորմանը, ապա մասնագետի կարծիքով՝ պետք է համակերպվել այն մտքին, որ եթե ինչ-որ մի պահի հայ-թուրքական հարաբերությունները շարժվեն մեռյալ կետից, ապա ինչու չէ, միգուցե եւ անհրաժեշտ լինի այդ գործընթացին ներգրավել պատմաբաններին։

«Իհարկե մեր ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության փաստը քննարկման առարկա չէ, սակայն կան մի շարք այլ հարցեր, օրինակ՝ հայերի գույքի վերադարձի հարցը, որը պետք է քննարկել»,- ասել է Վիգեն Քոչարյանը՝ հավելելով, որ այս տեսանկյունից նման հանձնաժողովը ապագայում տեսականորեն կարող է գործել։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը սկսվեց 2008 թվականի աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: 2009-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում «Դիվանագիտական հարաբերությունների մասին արձանագրություն» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն» ստորագրեցին, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից:

Սակայն արդեն 2009 թվականի դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Անկարան արձանագրությունները չի վավերացնի՝ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման: 2010 թվականի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը առկախելու մասին՝ փաստելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2015թ. փետրվարի 16-ին նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: