Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտնելու որոշման նախագիծը չի հակասում անմեղության կանխավարկածին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին Ազգային ժողովում հայտարարել է նախագծի հեղինակ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ շատ շուտով իր ներկայացրած նախագիծը կդրվի քվեարկության, թեեւ հասկանալի պատճառներով հաջողության հույս չկա:

«Նախագծում մեղադրանքներ են ներկայացվում Սերժ Սարգսյանին օրենքով սահմանված կարգով: Հաշվի առնելով հնարավոր շահարկումները, հայտարարում եմ, որ նախագիծը չի խախտում անմեղության կանխավարկածը եւ դրանում շարադրված են միայն բոլորին հայտնի փաստեր, որոնք պետք է պարզապես ստուգել:
Պաշտոնապես հայտարարում եմ. այն Հայաստանը, որին ձգտում ենք մենք՝ «Քաղաքացիական պայմանագրի» անդամներս, օրենքի առջեւ բոլորի անվերապահ հավասարության երկիր է»,-հայտարարել է Փաշինյանը: