Ադրբեջանական գերությունից վերադարձած՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը, որը 10-15 օր բուժում էր ստանում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում, փետրվարի 23-ին դուրս է գրվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին կենտրոնից:

Նրանց փոխանցմամբ՝ Արսեն Խոջոյանի վիճակը համեմատաբար լավ է, սակայն ամբուլատոր բուժումը տանը պետք է շարունակի:

Նշենք, որ Արսենը տառապում է «փսորիազ» հիվանդությամբ: Անցած տարվա օգոստոսից նա պարբերաբար բուժում է ստանում հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը 2014թ.-ի մարտի 7-ին հատել էր ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը եւ գերի ընկել։ Ապրիլի 10-ին ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջոյանը հայրենադարձվել էր։ Արսենը վերադառնալուց հետո բողոքում է առողջական խնդիրներից, իրեն թույլ է զգում եւ ֆիզիկապես, եւ հոգեպես: