Հոլանդացի գիտնականները 11-12-րդ դարերի բուդդայական մի արձանի մեջ հայտնաբերել են վանականի մումիա։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Դրենթեի պատմության թանգարանի աշխատակիցները կապ են հաստատել Ամերսֆորտ քաղաքի գլխավոր հիվանդանոցի հետ, որի բժիշկները համակարգչային տոմոգրաֆի միջոցով արձանի ներսում հայտնաբերել են մումիֆիկացված մնացորդներ։ Բուդդայագետ Էրիկ Բրեյնի կարծիքով՝ մնացորդները պատկանում են Լյուցյուան բուդդայական վանականին, որը չան բուդդիզմի հայտնի ներկայացուցիչ էր, գրում է Lenta-ն։

Մումիայի կրծքավանդակն ու որովայնն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ ներքին օրգանների փոխարեն այնտեղ միայն աղբ է ու չինական հիերոգլիֆներով թղթի կտորներ, ինչը թույլ է տվել ենթադրել, որ մումիայի ներքին օրգանները հեռացվել են։

Չինական տեքստերը կփորձեն վերծանել եւ կցել Լյուցյուանի մասին պատմող մենագրությանը, որը համալսարանը հրատարակության է պատրաստում։ Արձանը մումիայի հետ միասին ուղարկել են Բուդապեշտ, որտեղ այն  մինչեւ 2015թ. մայիսը կցուցադրվի Հունգարիայի բնական պատմության թանգարանում։