ԱՄՆ  նախագահ Բարաք Օբաման 1991-ից ի վեր առաջին անգամ Սոմալիում ԱՄՆ դեսպանի պաշտոնում թեկնածու է առաջադրել։ Այդ պաշտոնին հավակնում է դիվանագետ Քեթրին Սիմոնս Դանանին։ Ինչպես հաղորդում է AFP-ն, Դանանին տարիներ շարունակ եղել է աֆրիկյան ուղղություններում Վաշինգտոնի պաշտոնական ներկայացուցիչը։ Այժմ նրա թեկնածությունը պետք է հաստատի Սենատը։ Հիմնական հարցերից մեկը, որը նա  պետք է քննարկի Սոմալիի իշխանությունների հետ, «Աշ Շաբաբ» արմատական խմբավորման դեմ պայքարն է, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ԱՄՆ Պետդեպարտամենտը Սոմալիում դիվանագիտական ներկայացուցիչ նշանակելն  արդեն գնահատել է իբրեւ «պատմական իրադարձություն, որը վկայում է երկու պետությունների միջեւ  հարաբերությունների ամրապնդման մասին»։ 

Նշենք, որ Սոմալին՝ իբրեւ միասնական պետություն, դադարել էր գոյություն ունենալ 1991թ.։ Սիադ Բարրեի բռնապետական ռեժիմի անկումից հետո (1960-ականների վերջ) երկրում անարխիա է սկսվել, որի հետեւանքով պետությունը բաժանվեց մի քանի քվազիպետական կազմավորումների։ 

Այս պահին իբրեւ պետական միակ իշխանություն, որը ճանաչված է միջազգային հանրության կողմից, գործում է Սոմալիի Դաշնային կառավարությունը՝ Շեյխ Ահմեդի գլխավորությամբ, սակայն վերջինս վերահսկում է միայն Սոմալիի մայրաքաղաքի միայն մի փոքր հատվածը։