Կեղծ տեղեկություններ տարածելով՝ անկեղծության մասին խոսելը, մեղմ ասած, տարօրինակ է, բայց, միեւնույն ժամանակ, բնորոշ թուրքական իշխանություններին։ Այդ մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Tert.am-ի դիտարկմանը, թե ‪‎Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ‪‎Անկարան միշտ նախապայման է դրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, եւ իբր՝ դա հայտնի էր ամբողջ աշխարհին։

«Ինչպես նշել է արտգործնախարար Նալբանդյանը դեռ 2010թ. ‪‎ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման առաջին տարեդարձի կապակցութամբ «‪‎Wall Street Journal» օրաթերթում հրապարակված իր հոդվածում՝ «Մեր դիրքորոշումը արտահայտված էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հայտնի մոտեցմամբ: Այդ սկզբունքի վրա էր հիմնված Թուրքիայի հետ բանակցային գործընթացի մեկնարկը: Եվ հենց այս ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք, վարեցինք գործընթացը եւ եկանք պայմանավորվածությունների: Միջազգային հանրությունը` շվեյցարացի միջնորդները, ‪‎ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ‪‎ԵԱՀԿ-ն, ‪‎ԵՄ-ն, ‪‎ԱՄՆ-ն, ‪‎Ռուսաստանը, ‪‎Ֆրանսիան եւ շատ այլ երկրներ, գործընթացի սկզբից մինչ օրս համամիտ են այս մոտեցման հետ»,- նշել է Քոչարյանը եւ հավելել, որ դրանից հետո էլ վերոհիշյալ երկրները եւ կազմակերպությունները տարբեր առիթներով բազմիցս վերահաստատել են այդ իրողությունը։

«Առնվազն տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ արձանագրությունների շուրջ բանակցող թուրքական պատվիրակությունը տեղյակ չէր, ըստ ‪‎Չավուշօղլուի, ամբողջ աշխարհին հայտնի թուրքական նախապայմաններին։ Նման կեղծ տեղեկություններ տարածելով՝ անկեղծության մասին խոսելը, մեղմ ասած, տարօրինակ է, բայց, միեւնույն ժամանակ, բնորոշ թուրքական իշխանություններին»,- ամփոփել է ԱԳ փոխնախարարը։