Ռուսաց լեզվով ֆիլմեր ցուցադրող հեռուստաալիքները խախտում են Հայաստանի օրենսդրությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, Ազգային ժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ:
Նա հիշեցրել է, որ ՀՀ գործող օրենսդրությամբ հեռուստաեթերի լեզուն հայերենն է, բայց այդ պահանջը ամբողջությամբ պահպանում է միայն Հանրային հեռուստաընկերությունը (Հ1): Մնացած ալիքները ֆիլմերը ցուցադրում են առանց թարգմանության:
Փաշինյանը նշել է, որ ազգային փոքրամասնությունների լեզուներով, այդ թվում ռուսերենով, եթերը կարող է լինել սահմանափակ ծավալով: «Բայց կարծում եմ, չեք պնդի, որ մարտաֆիլմերն ու մելոդրամաները ռուսերենով կամ կադրից դուրս ռուսերեն թարգմանությամբ պետք են ռուսական համայնքի մշակութային պահանջմունքները բավարարելու համար: Այդ դեպքում ինչո՞ւ մենք ֆիլմեր չենք ցուցադրում ասորերեն, հունարեն կամ եզդիերեն»,-հայտարարել է Փաշինյանը:
Ի պատասխան Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավար Գագիկ Բունիաթյանը հայտարարել է, որ ֆիլմի թարգմանությունն ավելի թանկ արժե, քան լիցենզիան: «Հետեւաբար բոլոր ֆիլմերը թարգմանելը բավական ծախսատար է եւ դեռեւս ոչ իրատեսական»,-պարզաբանել է Բունիաթյանը՝ նման կերպ «հիմնավորելով» օրենքի խախտումը:



























