Ամերիկյան Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւ է ընդունել:

Բանաձեւն ընդունվել է 51 կողմ եւ 17 դեմ ձայների հարաբերակցությումբ, հաղորդում է «Asbarez»-ը:

Փաստաթուղթը դատապարտում է Ցեղասպանության փաստի ժխտումը եւ ողջունում Հարավային Դակոտայի դպրոցներում այս թեմայի ուսուցանումը: Բացի այդ, բանաձեւը վերաբերում է նաեւ հույների ու ասորիների ցեղասպանություններին:

Նահանգի օրենսդիրները կոչ են անում ԱՄՆ Կոնգրեսին եւ նախագահին ճանաչել իրենց պատմական հայրենիքում` Անատոլիայում, բնակվող հայերի, հույների ու ասորիների հանդեպ իրականացված վայրագությունների պատմական փաստը, ինչպես նաեւ հասնել արդար, կայուն եւ ամուր հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը:

Նշենք, որ Հարավային Դակոտան դարձել է 43-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: