Որպես կանոն՝ նման առիթներով միշտ պետությունը որոշակի քայլ է կատարում եւ դա արտահայտվում է համաներման հայտարարմամբ: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե որքանով եք հավանական համարում Ցեղասպանության 100-ամյա տարելիցից ընդառաջ համաներումի հայտարարումը, այսպես է պատասխանել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ եթե հայտարարվի համաներում, ենթադրվում է, որ այն կլինի ավելի մեծածավալ, քան նախորդը եւ կտարածվի բոլոր այն հանցագործությունների համար, որոնց համար պատիժ է նախատեսվում մինչեւ 5 տարվա ազատազրկումը:

Մեկ նկատառում եւս, հայտարարվելիք համաներումը կտարածվի նրանց վրա, որոնք հատուցել են տուժողների պատճառված վնասը: «Սա իմ ենթադրությունն է՝ ելնելով ՌԴ համաներման նախագծից: ՌԴ պետդումայում նախագիծ է ներկայացվել համաներում կիրառել Հայրենական մեծ պատերազմի առթիվ, որը ավելի շուտ «մանիֆեստի» նման է: ՌԴ-ում կիրառվելիք համաներումը նախատեսում է ազատել պատասխանատվությունից եւ համաներում կիրառել բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց պատիժ են նշանակել մինչեւ 5 տարի ազատազրկում: Նմանատիպ համաներում կիրառեցին նաեւ Վրաստանում, որտեղ նույնպես բացեցին բերդի դռները եւ բաց թողեցին մեծ թվով կալանավորներին»,-ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ ճիշտ եւ նպատակահարմար կլինի Հայաստանում Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայտարարել համաներում: Իսկ դրա համար, փաստաբանի փոխանցմամբ, անհրաժեշտ է, որպեսզի նախագահին դիմեն տարբեր հասարակական կազմակերպություններ, կարող է նախագահին դիմել նաեւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների հարցերով զբաղվող հանձնաժողովը: Դիմումից հետո նախագահը, ըստ ընթացակարգի, քննության է առնում այդ հարցը եւ դրական արձագանքի դեպքում դիմում ԱԺ-ին՝ համաներման մասին օրենք ընդունելու համար: Դրանից հետո գումարվում է Աժ արտահերթ նիստ, ընդունվում է օրենք: Փաստաբանը նշեց նաեւ, որ համաներում կիրառելը այնպիսի գործընթաց է, որ կարող է ցանկացած պահի չլինել ինչ-ինչ խնդիրների պատճառով: