Եթե փոքր բիզնեսն ուզում է քիչ հարկ վճարել, թող ապրանքը մատակարարներից գնի հաշիվ-ապրանքագրերով: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով մեկնաբանելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը:
«Իսկ եթե իրեն «սպիտակով» չեն վաճառում, թող ասի, թե ով է խախտողը: Իսկ նա ասում է. «ոչ, ես ձեզ համար մատնիչ չեմ»: Սա ի՞նչ է նշանակում: Մեզ ասում է. «Ինձ հաշիվ-ապրանքագիր չեն տալիս, օրենքով կարգավորեք»: Մենք էլ ասում ենք. «Դե եթե օրենքով ես ուզում, ասա՝ ով է խախտում օրենքը»: Իսկ նա պնդում է. որ «Ես ձեզ համար ստուկաչ չեմ»: Այսինքն հարկայինն իր հետ պետք է օրենքով խոսի, իսկ ինքը հարկայինի հետ՝ «հասկացողություններով»: Այդպես լինո՞ւմ է»՞,-ասել է Այվազյանը:
Նրա խոսքով՝ «օրենք խախտողը» պետության համար ամենակարեւորն է, եւ եթե բռնենք փոքր բիզնեսից, ստվերից դուրս կքաշենք նաեւ խոշորին: «Իսկ որպեսզի փոքր բիզնեսը դա անի, մենք հարկահավաքման մկրատ ենք սահմանել՝ եթե գործում ես փաստաթղթերով, քիչ հարկ ես վճարում: Իսկ սեփական գրպանի համար բիզնեսը տեսեք ոնց կպայքարի ում հետ ասես»,-ամփոփել է ՀՀԿ-ական պատգամավորը:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նշենք, որ Կառավարությունը հունվարի 31-ի իր արտահերթ նիստում որոշել է մինչեւ հուլիսի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց պահանջի՝ ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։ Շրջանառության հարկ վճարողները տարեկան մինչեւ 58 մլն 350 հազար (122 հազար դոլար)շրջանառություն ունեցող ձեռնարկություններն են։





























