Ռուս ընդդիմադիր գործիչ Բորս ՆԵմցովի սպանության վկա Աննա Դուրիցկայայի փաստաբանը հայտարարել է, որ Աննան պոլիգրաֆով հարցաքննության չի ենթարկվի, գրում է «Ինտերֆաքս»-ը։
«Մեր դիրքորոշումը հետեւյալն է. քանի որ հարցաքննության ժամանակ նոր ցուցմունք չի տրվելու, այլ ստուգվելու է միայն դրանց ճշմարտացիությունը, իսկ նրա ցուցմունքների ճշմարտացիության մեջ ոչ ոք չի կասկածում, ապա պոլիգրաֆով հարցաքննությունից մենք կհրաժարվենք։ Նա հիմա ծանր հոգեբանական վիճակում է, իսկ պոլիգրաֆը լրացուցիչ սթրես է»,- հայտնել է փաստաբան Վադիմ Պրոխորովը։
Նա նաեւ նշել է, որ պոլիգրաֆով հարցաքննության կապակցությամբ քննիչների հետ դեռեւս ոչ մի առարկայական խոսակցություն չի եղել։
Ավելի վաղ Դուրիցկայան հայտարարել էր, որ խանդը սպանության հնարավոր պատճառ չի կարող լինել։ Նա նաեւ նշել էր, որ չի տեսել հանցագործին, քանի որ մեջքով է կանգնած եղել։





























