Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է Գերագույն ռադային մեծացնել բանակի թվաքանակը՝ հասցնելով մինչեւ 250 հազարի։ Համապատասխան օրինագիծը զետեղվել է Ռադայի պաշտոնական կայքում։

«Օրինագիծը մշակվել է Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի իրավական կարգավորման նպատակով, որի շնորհիվ հնարավոր կլինի զորքի որոշակի խմբավորման միջոցով ժամանակին զսպել եւ պատասխան տալ զինված ագրեսիային եւ լուծել զինված հակամարտությունը»,- ասված է օրինագծի տեքստում, գրում է Gazeta-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը պլանավորում է պահուստային բանակ ստեղծել։ Նրա խոսքով՝ նման պահուստը պետք է «հակառակորդի անկանխատեսելի գործողություններին» պատրաստ լինելու համար։