Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը հրապարակել է  հաղթող ճանաչված անձանց անունները: Արդարադատության նախարարությունից NEWS.am-ը տեղեկացավ, որ հաղթող են ճանաչվել Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյանը, ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Օնիկի Հակոբյանը:

Ի դեպ, դեռ օրեր առաջ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Իրավունքի Եվրոպա միավորման» հասարակական կազմակերպության ղեկավար Լուսինե Հակոբյանը կանծատեսել էր հաղթողների անունները եւ բացարձակ չէր սխալվել: Նա ասել էր, որ այս անգամ հաղթող կճանաչվեն Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը եւ Լիանա Հակոբյանը:

Ցուցակը հրապարակվելուց հետո մեկ օրվա ընթացքում այն ներկայացվում է ՀՀ նախագահին՝ հաստատելու կամ չհաստատելու համար:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում առաջին անգամ կազմակերպված մրցույթի արդյունքում ՀՀ-ից առաջադրված թեկնածուներն էին՝ ՀՀ նախկին ՄԻՊ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Հարությունյան, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս Արայիկ Ղազարյան եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյան։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ ներկայացված ցուցակի վերաբերյալ ԵԽԽՎ-ից բացասական եզրակացություն ստանալու պատճառով Սերժ Սարգսյանը չեղյալ է ճանաչել հայաստանյան մրցույթի արդյունքները, հայտարարվել էր նոր մրցույթ: Այս անգամ  մրցույթին մասնակցելու համար դիմել էր 15 հոգի, նրանցից մեկը Արդարադատության նախարարի խորհրդական Հայկանուշ Պարսամյանը չի հաղթահարել փաստաթղթային փուլը: http://news.am/arm/news/254828.html