Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացած կնոջից խաբեությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, թե քննության արդյունքներով մեղադրյալի մասով գործն ուղարկվել է դատարան, իսկ ՔԿՀ ուղարկվել է միջնորդություն՝ հանցագործության կատարմանը նպաստած պայմանները վերացնելու վերաբերյալ։
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Ս.Գրիգորյանը սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է Երեւան քաղաքի մի բնակչուհու հետ՝ ներկայանալով որպես Վրաստանի Հանրապետության տուրիստական գործակալության աշխատակից։
Ձեռք բերելով կնոջ վստահությունը՝ դատապարտյալը 2014 թվականի մարտ-սեպտեմբեր ամիսներին տարբեր պատճառաբանություններով տարբեր անձանց միջոցով նրանից վերցրել է ընդհանուր առմամբ 420 հազար դրամ՝ հետագայում վերադարձնելու պայմանով, սակայն՝ հափշտակել։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ս.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու համար։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանցագործության կատարմանը նպաստել է «Գորիս » ՔԿՀ-ի համապատասխան աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարումը, որի արդյունքում գործով մեղադրյալն ազատ օգտվել է բջջային հեռախոսից ու իրականացրել իր հանցավոր նպատակները:
Քննության արդյունքներով՝ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետը միջնորդագիր է ներկայացրել «Գորիս» ՔԿՀ-ի պետին՝ նշված քրեակատարողական հիմնարկում հանցանքների կատարմանը նպաստող պայմանները վերացնելու ուղղությամբ գործնական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։
2015 թվականի փետրվարի 24-ին ստացվել է գրավոր պատասխան, որ միջնորդագիրը քննարկվել է ՔԿՀ-ի համապատասխան աշխատակիցների հետ՝ հետագայում նմանատիպ խախտումները բացառելու նպատակով։
Միաժամանակ նշվել է, որ դատապարտյալների եւ կալանավորված անձանց կողմից բջջային հեռախոսներ ձեռք բերելու, պահելու եւ օգտագործելու համար ՔԿՀ աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար 9 ծառայող 2014թ. ընթացքում ենթարկվել է քրեական պատասխանատվության։





























