Գյումրիում սպանված Ավետիսյանների գործով անգործություն ցուցաբերելու համար ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի դեմ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած բողոքի քննությունն այսօր՝ մարտի 2-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հետաձգվեց։ Զարուհի Փոստանջյանը դատարանից ժամանակ խնդրեց ծանոթանալու Գլխավոր դատախազության ներկայացուցչի կողմից ներկայացված փաստաթղթերին, որոնցում հիմնավորում է, որ պատգամավորի հաղորդմանն իրենք արդեն պատասխանել են:
Զարուհի Փոստանջյանն իր բողոքում նշել էր, որ Գեւորգ Կոստանյանը անգործություն է ցուցաբերել՝ սահմանված ժամկետում չպատասխանելով հանցագործության մասին իր հաղորդմանը, որում, պատգամավորը մասնավորապես, որպես հանցագործություն մատնանշել էր այն փաստը, որ Գյումրեցի Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով քրեական գործեր չեն հարուցվել Պերմյակովի կողմից Հայաստանի տարածքով ապօրինի զենք փոխադրելու, ինչպես նաեւ ռուս սահմանապահների կողմից Պերմյակովին ապօրինի ձերբակալելու եւ ռուսական ռազմաբազայում պահելու, նաեւ Պերմյակովի՝ սահմանը ապօրինի հատելու փորձի առնչությամբ:
Գլխավոր դատախազության ներկայացուցիչն առարկեց Զարուհի Փոստանջյանի բողոքին՝ ասելով, որ իրենք արդեն պատասխանել են հաղորդմանը, եւ բողոքը ենթակա է մերժման:
«Քրեական գործն այժմ գտնվում է ապացույցների հավաքման եւ գնահատման փուլում եւ դրա հետ կապված հնարավոր է՝ մեղադրանքում փոփոխություններ լինեն, իսկ ինչ վերաբերում է հաղորդմանը չպատասխանելուն, մենք դրան արդեն պատասխանել ենք»,- ասաց Գեւորգ Գեւորգյանը:
Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը դատախազությունից դեռ պատասխան չի ստացել, իսկ դատախազի ներկայացրած փաստաթղթերի թվագրված ժամկետից առաջ են դատարան դիմել։
«Հավանաբար, դատարանից ծանուցում ստանալուց հետո են որոշել մեզ պատասխանել, հետեւաբար դատախազի կողմից անգործություն է թույլ տրվել: Գլխավոր դատախազը դեռեւս ԱԺ-ում լսումների ժամանակ էր մեզ ասել, որ հանցագործության մասին ցանկացած հաղորդում կքննվի եւ պատասխան կտրվի, սակայն իրականում չի քննվել եւ պատասխանատվության ենթարկված անձինք չկան»,- ասաց պատգամավորը:
Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա մարտի 3-ին:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Մինչեւ օրս հարազատների համար անհայտ են սպանության պատճառները: Նրանց համար կասկածելի է նաեւ սպանության մեջ մեղադրվող անձը, արդյոք նա միայնակ է գործել եւ ինչպես է կարողացել միայնակ սպանել ընտանիքի 7 անդամներին:





























