Եգիպտոսում հայտնի պորտապարուհի, ազգությամբ հայ Սոֆինարին ոստիկանները ձերբակալել են՝ իբր եգիպտական դրոշն անարգելու համար:

Ahram Online-ի փոխանցմամբ, մի քանի ժամ անց պարուհուն գրավի դիմաց ազատ են արձակել:

Անցյալ տարի նրան Եգիպտոսի դատախազություն հարցաքննության են կանչել՝ եգիպտական դրոշն անարգելու գործի շրջանակում: Բանն այն է, որ Սոֆինարի բեմական հագուստներից մեկը եգիպտական դրոշի գույներով է:

Տեղական օրենսդրության համաձայն, պետական դրոշն անարգելու համար իրավախախտը կարող է դատապարտվել մինչեւ մեկ տարի ժամկետով ազատազրկման եւ 4.000 դոլարի չափով տուգանքի:

Սոֆինարը լավ ճանաչված է Եգիպտոսում: Նա նաեւ նկարահանվել է մի քանի ֆիլմերում, մասնակցել հեռուստաշոուների, ելույթ է ունենում նաեւ հարսանիքներին: Նա բազմիցս խոսել է Եգիպտոսի հանդեպ իր մեծ սիրո մասին եւ պատրաստվում է ընդմիշտ մնալ այդ երկրում: