«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մասնակցելու է վաղը՝ մարտի 3-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստին։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է պատգամավոր Ստեփան Մարգարյանը։
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն բոյկոտել էր անցած քառօրյան հայտնի դեպքերից հետո, որն է պատճառը, որ արտահերթին մասնակցելու են, պատգամավորը պատասխանեց. «Այո, մենք բոյկոտել ենք նախորդ քառօրյան, բայց ոչ նստաշրջանը։ Արտահերթ նիստը դրա հետ կապ չունի»։
Արտահերթ նիստում քննարկվելու են մի շարք կարեւոր օրինագծեր, այդ թվում՝ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը։ Ստեփան Մարգարյանը հայտնեց, որ առավոտյան խմբակցության նիստ ունեն, որի ընթացքում էլ քննարկելու են իրենց վերաբերմունքը տվյալ օրինագծերին։
Նշենք, որ արտահերթ նիստը գումարվելու է վաղը, կառավարության նախաձեռնությամբ։





























