Նավթային եկամուտները, որոնք տարիներով պահել են Ալիեւի ռեժիմը, նվազել են եւ, կարծես, նա փորձում է իր բարկությունը թափել ցանկացածի  գլխին, ով դուրս կգա իր դեմ։ Այդ մասին գրում է Washington Post-ը՝ «Բանտ առանց դատաստանի Ադրբեջանում» հոդվածում։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը անզուսպ դեսպոտիզմ է ցուցադրում։ Լրագրողների, բլոգերների, փաստաբանների, իրավապաշտպանների ձերբակալում եւ եւ հապշտապ կալանավորում են։ Նավթային եկամուտները, որոնք տարիներով պահել են Ալիեւի ռեժիմը, նվազել են եւ, կարծես, նա փորձում է իր բարկությունը թափել ցանկացածի  գլխին, ով դուրս կգա իր դեմ։

Պարոն Ալիեւի սիրելի մեթոդներից մեկը՝ մինչեւ դատավճիռը կալանավորելն է։ Ադրբեջանական օրենսդրությունը այդ միջոցը ենթադրում է միայն դեպքերի սահմանափակ քանակի համար, իսկ քրեադատավարական օրենսգրքով դրա իրավունքն ունի միայն դատարանը, այլ ոչ դատախազությունը։ Գործնականում դատարանները դարձել են դատախազության կամակատարները։ 2014թ. Եվրադատարանը ուշադրություն հրավիրեց, որ ադրբեջանական դատարանները հաճախ ավտոմատ կերպով հաստատել են կալանքի միջնորդությունները։

Հայտնի ակտիվիստ եւ իրավապաշտպան Լեյլա Յունուսը առանց դատարանի վճռի կալանքի տակ է հուլիսի 30-ից, պետական դավաճանության եւ հարկերից խուսափելու հորինված մեղադրանքներով։ Նա դիաբետ եւ լյարդի հիվանդություն ունի։ Փետրվարի 18-ին վերաքննիչ դատարանը մերժեց նրա միջնորդությունը եւ կալանքը երկարացրեց եւս 5 ամսով։ Եւ առանց վճռի նա մեկ տարի կանցկացնի բանտում։ Նրա ամուսինը՝ պատմաբան Արիֆ Յունուսը տառապում է սրտանոթային հիվանդություններով, ձերբակալվել է օգոստոսի 5-ին եւ կրկին կալանքի տակ է»,- գրումէ  թերթը։

Ամերիկյան թերթը հատուկ ընդգծում է, որ Ալիեւը առանձնակի ատելություն ունի «Ազատություն» ռադիոկայանի նկատմամբ, որի լրագրող Խադիջա Իսմայիլովան բանտում է, իսկ աշխատակիցները հետապնդումների են ենթարկվում։ «Վերջին հայտարարություններից մեկով Ալիեւն ասել է, թե ցանկանում է Ադրբեջանը դարձնել ամենազարգացած եւ մրցունակ երկրներից մեկը։ Դա, հաստատապես, տեղի չի ունենա, եթե նա շարունակի կառավարել բռնակալի պես»։