Մոսկվայում սպանված ռուս քաղաքական գործչ Բորիս Նեմցովի փաստաբան Վադիմ Պրոխորովը հայտարարել է, որ իրավապահ մարմինները իրեն դեռ տեղյակ չեն պահել գործով ձերբակալված կասկածյալների մասին։

«Մեզ այդ մասին դեռ տեղյակ չեն պահել։ Բորիս Եֆիմովիչի բարեկամները կպահանջեն, որպեսզի այս գործով իրենց ճանաչեն տուժողի իրավահաջորդ»,- մեջբերում է «Ինտերֆաքս»-ը փաստաբանի հայտարարությունը։

Նշենք, որ ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր Նեմցովի սպանության գործով 2 կասկածյալների ձերբակալության մասին։

Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի ուշ երեկոյան Մոսկվայի Մեծ Մոսկվորեցկ կամրջի վրա։ ՌԴ Քննչական կոմիտեն քննարկում է սպանության միանգամից մի քանի վարկած, որոնց թվում՝ քաղաքական դրդապատճառներով սպանությունն ու կենցաղային հողի վրա կատարված սպանությունը։