Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ նոր, ավելի թույլ փաստաթղթի ստորագրման համար տեխնիկական խոչընդոտներ չկան, իկ քաղաքական խոչընդոտների մասին դժվար է ասել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Ռիգայում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության նոր շրջանակներ սահմանող փաստաթղթի ստորագրման հեռանկարներին։
Նրա խոսքով՝ շատ քիչ տեղեկատվություն կա, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները Բրյուսելի եւ Երեւանի միջեւ։
«Պարզ է մեկ բան. Ինձ թվում է՝ փաստաթուղթը կարող է ստորագրվել, եթե դա թույլ կտա քաղաքական իրավիճակը։ Ես նկատի ունեմ այն, որ Հայաստանն ու ԵՄ-ն բավական երկար ժամանակ բանակցել են Ասոցացման համաձայնագրի շուրջ, եւ նման խորը բանակցություններից հետո ավելի թույլ փաստաթղթի տորագրման համար պետք է որ շատ բան չպահանջվի։ Հետեւաբար, ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ փաստաթուղթ ստորագրելու հնարավորություն կա, բայց չեմ կարող ասել, որ այն հաստատ կստորագրվի»,-նշել է Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ այստեղ շատ կարեւոր է, թե ինչ խնդիրներ կան Ռուսաստանի հետ։ «Պետք է հաշվի առնել, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, եւ արդեն հտակ են մեր պարտավորություններն այդ կառույցի շրջանակներում»,-նկատել է փորձագետը՝ հավելելով, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կլուծվի վեճը Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ։
«Չնայած Ռուսաստանը չպետք է որեւէ քաղաքական մտահոգություն չունենա այդ փաստաթղթի հետ կապված, այդուհանդերձ, նա կարող է դեմ լինել դրան։ Բոլորին է հայտնի, թե ինչպիսին էր ՌԴ վերաբերմունքը ԵՄ—Հայաստան ասոցացման համաձայնագրի վերաբերյալ, բայց հիմա անհայտ է Մոսկվայի վերաբերմունքը նոր, ավելի թույլ փաստաթղթի վերաբերյալ»,-ամփոփել է Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ «Արեւելյան գործընկերության» հերթական գագաթաժողովը տեղի կունենա մայիսի 21-22-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։



























