Եվրամիությունը փոխել է Հայաստանի հանդեպ դիրքորոշումը եւ պատրաստ է ստորագրել Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Ռիգայում կայանալիք Եվրամիության «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովից ակնկալիքներին:
Քաղաքագետը նկատեց, սակայն, որ Հայաստանի կողմից հստակ դիրքորոշում, «այսինքն՝ ԵՄ-ի առաջարկին պատասխան առայժմ չի եղել»: «Եթե այդ պատասխանը լինի, մենք կկարողանանք խոսել առաջընթաց քայլի մասին, սակայն Հայաստանի իշխանությունների կողմից հստակություն դեռեւս չկա»,- ասաց Մանվել Սարգսյանը:
Եվրոպացիների նոր մոտեցման մեջ, ըստ Սարգսյանի, կարծես հաշվի է առնվել անվտանգության խնդիրը, որը Հայաստանի համար մեծ կարեւորություն ունի: «Սակայն հստակություն չկա այն մասին, թե ինչ է առաջարկում Եվրոպան անվտանգության տեսանկյունից: Փաստաթղթի ստորագրման հնարավորությունը, հավանաբար, կախված կլինի դրանից»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:
Այս տարվա մայիսի 21-22-ին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայանալու է «Արեւելյան գործընկերության» ծրագրի գագաթաժողովը: Արտաքին հարցերի եւ անվտանգության քաղաքակության ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, անդրադառնալով գագաթաժողովի նպատակներին, հայտարարել է. «Ցանկանում եմ նշել, որ գագաժողովը վերաբերելու է մեր գործընկերների հետ հարաբերություններին, այն որեւէ մեկի դեմ չէ: Դաշինքների, ազդեցության ոլորտների մտածողությունն այլ՝ մեր պատմության ավելի մութ ժամանակաշրջանին է վերաբերվում: ԵՄ գործընկերությունը երբեք որեւէ մեկի հետ թշնամության մասին հայտարարություն չի լինի»:
Մոգերինին նաեւ նշել է, որ հունիսին նախանշված ԵՄ գագաթաժողովի ընթացքում քննարկվելու են անվտանգության եւ պաշտպանության ոլորտի հարցեր: Ռիգայի գագաժողովը հաջորդում է2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում կայացած հավաքին, որի ընթացքում Հայաստանը հրաժարվեց Ասոցացման մասին համաձայնագիրը:





























