Ամերիկացի Քրիստոֆեր Քորնելը, որը ձերբակալվել է Վաշինգտոնում Կապիտոլիումի շենքում պայթյուն եւ կոնգրեսականների դեմ հարձակում նախապատրաստելու համար, ծրագրում էր սպանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Այս մասին Քորնելն ասել է Fox19 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Օբամայի դեմ մահափորձ նա պատրաստվում էր կատարել Կապիտոլիումում եւ Իսրայելի դեսպանատանն ահաբեկչություն իրականացնելուց հետո: «Ես կվերցնեի զենքը, կուղղեի Օբամայի գլխին եւ կքաշեի ձգանը»,- հայտարարել է Քորնելը:
Ձերբակալվածը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ին ահաբեկչությունների ալիք է սպասվում: Նա նաեւ Օբամային մեղադրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմ վարելու համար, որի երկրպագուն է ինքը:
Ըստ Lenta.ru-ի, ՀԴԲ-ի գործակալները Քորնելին ձերբակալել են հունվարի 14-ին: Նրա մոտ կիսաավտոմատ զենք եւ 600 փամփուշտ են հայտնաբերել: Բացի այդ, նա փորձել է ինքնաշեն պայթուցիկներ պատրաստել: Նրան մեղադրել են ամերիկյան կառավարության պաշտոնյաների սպանության փորձի, ինչպես նաեւ մահափորձ նախապատրաստելու նպատակով հրազեն ձեռք բերելու մեջ:





























