Մալիի հյուսիսում գտնվող Գաո քաղաքում Լինչի դատաստանի են ենթարկել ենթադրյալ ահաբեկիչներին։

Երկու տղամարդ պատրաստվում էին ռումբ պայթեցնել ոստիկանության բաժանմունքի մոտ։ Տեղի բնակիչների ամբոխը հարձակվել է նրանց վրա ահաբեկչության նախապատրաստման ժամանակ։ Նրանց երկուսին էլ սպանել են, իսկ մարմինները՝ այրել, հաղորդում է Agence France-Presse-ը։

ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունում աղբյուրը հայտնել է, որ երկնագույն սաղավարտները չեն կարողացել կանխել ինքնադատաստանը, քանի որ ամբոխը շատ ագրեսիվ է տրամադրված եղել։

Գաոյում այս միջադեպից մեկ օր առաջ գրոհայինների խումբը հարձակվել էր երկրի մայրաքաղաք Բամակոյի ռեստորաններից մեկի վրա, որի հետեւանքով զոհվել էր 5, վիրավորվել՝ 5 մարդ, որոնցից երեքը Ֆրանսիայի եւ Բելգիայի քաղաքացիներ էին։ Հարձակման պատասխանատվությունն իր վրա էր վերցրել իսլամիստական «Ալ Մուրաբիտուն» խմբավորումը։