Սիդնեյի օդանավակայանում ձերբակալել են երկու դեռահասների, որոնք մտադիր էին հեռանալ երկրից եւ անդամակցել արմատական «Իսլամական պետություն» խմբավորմանը։

«Այդ երկու երիտասարդները մարդասպաններ չեն, նրանց չի կարելի թույլ տալ լքել երկիրը եւ պատերազմել, իսկ հետո վերադառնալ հայրենիք էլ ավելի արմատական հայացքներով»,-հայտարարել է Ավստրալիայի ներգաղթի եւ սահմանների պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Նրա խոսքով՝ երիտասարդների հայացքների ձեւավորման վրա ազդել է համացանցում եղած տեղեկատվությունը։ Պետք է պարզել, ով է վճարել նրանց տոմսերի համար։ Անչափահասների ծնողները շոկի մեջ են եղել, տեղեկանալով, որ իրենց որդիները ցանկանում են դուրս գալ երկրից։ Ձերբակալվածների անունները չեն հաղորդվում։

Վերջերս նմանատիպ դեպք էր եղել Մեծ Բրիտանիայում, որտեղ երեք դեռահաս դպրոցական աղջիկներ ծնողներից թաքուն Լոնդոնից ուղեւորվել էին Թուրքիա, որտեղից, ենթադրաբար, մտադիր էին անցնել Իրաք եւ միանալ «ԻՊ»ին։