Միացյալ Նահանգներում ռասիզմի խնդիրը մինչեւ հիմա արմատախիլ չի արվել: Ալաբամա նահանգի Սելմա քաղաքում ընտրական իրավունքի հավասարության աջակցության երթի 50-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Սխալ կլիներ ենթադրել, որ ռասիզմն արմատախիլ է արվել, որ Սելմայում կանանց ու տղամարդկանց սկսած գործն ավարտին է հասել, եւ որ ռասայական բախումները հետեւանք են նրանց գործողությունների, որոնք դա խաղարկում են սեփական նպատակների համար»,- Օբամայի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:
Նախագահը քաղաքացիներին կոչ է արել «բացել աչքերը, ականջներն ու սրտերը» եւ հիշեցրել ԱՄՆ Արդարադատության նախարարության զեկույցը, որում ասվում է, որ Ֆերգյուսոնի իրավապահ մարմինների գործողություններում, որտեղ ոստիկանը գնդակահարել էր սեւամորթ մի պատանու, դիտարկվում է որպես խտրական վերաբերմունք:
Ըստ Lenta.ru-ի, 50 տարի առաջ Սելմայում երթ էր անցկացվել՝ ի պաշտպանություն բոլոր ամերիկացիների հավասար ընտրական իրավունքի: Ակցիան դաժանորեն ճնշվել էր ոստիկանության կողմից եւ պատմության մեջ մնացել որպես «արյունոտ կիրակի»:





























