Այսօր` հուլիսի 21-ին վերաքննիչ քրեական դատարանում սկսվել է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սաների բողոքի քննությունը` ընդդեմ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի: Տուժած սաներից ոչ ոք չէր ներկայացրել դատարան, որոնց փոխարեն դատարանում էին նրանց փաստաբանները: Հենց սկզբում դատավոր Մհեր Աղրամանյանը ներկայացրել է տուժողներից Դ.Ա.-ի եւ նրա մոր դիմումը, ըստ որի նրանք հրաժարվում են իրենց բողոքից եւ նշում, որ իրենց փաստաբան Ավագ Լալայանը առանց իրենց հետ համաձայնեցնելու, բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Սրան ի պատասխան Ա. Լալայանը հայտարարել է, որ Դ.Ա.-ն իր ներկայությամբ է լիազորագիր գրել եւ ինքը համոզվել է, որ աղջիկը բավականաչափ գրագետ չէ նման դիմումներ գրելու համար:
Դպրոցի սաների փաստաբանները նաեւ նշել են, որ իրենց տեղեկություններով օրեր առաջ Դ.Ա.-ին կանչել են Երեւան քաղաքի քննչական վարչություն: «Եթե Դ.Ա.-ն ցանկանում էր հետ վերցնել իր բողոքը, նա կարող էր ինձ դիմել եւ ոչ թե դիմում ներկայացնել դատարան»,- հայտարարել է Ավագ Լալայանը:
Դատավորը նիստը հետաձգել է անորոշ ժամանակահատվածով, որի պատճառը ամբաստանյան Լեւոն Ավագյանի պաշտպանի եւ տուժող Հ.Ս.-ի բացակայությունն է եղել:
Ըստ փաստաբանների, տպավորություն է, որ դատարանը չի ցանկանում լսել մանկապիղծ ուսուցչի գործողություններից տուժածների բողոքը եւ կողմնական վերաբերմունք է դրսեւորում:
Հիշեցնենք, որ թիվ 11 հատուկ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման` «բռնությամբ ուղեկցվող անառակաբարո գործողություններ» կատարելու մեղադրանքով: Դպրոցի մի քանի աշակերտուհիների փաստաբանները կարծում են, որ ուսուցչի նկատմամբ մեղմ պատիժ է կիրառվել, եւ Վերաքննիչ դատարանից պահանջում են բեկանել դատավճիռը:




























