Թուրք դիվանագետները կոռեկտության սահմաններում էին Պրահայի Կարլովի համալսարանում կայացած գիտական կոնֆերանսում: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով մարտի 8-11-ին կայացած ԱԺ պատվիրակության այցը Չեխիա:

Նա նշել է, որ «Ցեղասպանության հանցագործությունը. Քաղաքական եւ իրավապան ասպեկտներ» անվանումը կրող գիտական կոնֆերանսի բացմանը ելույթ է ունեցել Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Դրանից հետո պատգամավորները լքել են կոնֆերանսը, որպեսզի գիտական կոնֆերանսը չվերածեն քաղաքական հարթակի:

«Մենք չէինք ուզում որեւէ կողմից նման դիտողությունների առիթ տանք»,-պարզաբանել է Մինասյանը: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ պատգամավորները որոշեցին ելույթ ունենալ, Մինասյանը պատասխանել է, որ իրենց այցը համընկել է կոնֆերանսի հետ, հնարավոր է, դրա համար էլ կազմակերպիչները հրավիրել էին:

Կոնֆերանսին ներկա են եղել Չեխիայում հավատարմագրված դեսպաններ, այդ թվում Թուրքիայի դեսպանը: Այդուհանդերձ, նրանք որեւէ կտրուկ հայտարարությամբ հանդես չեն եկել:

«Մեր գնալուց հետո թուրքական կողմը անընդհատ փորձել է ելույթի իրավունք ստանալ, բայց երբ նրանք հասկացել են, որ իրենց թույլ չեն տա գիտական կոնֆերանսում քաղաքական հայտարարություն անել, նրանք իրենց կարծիքը հանձնել են թղթին ու փոխանցել կոնֆերանսի կազմակերպիչներին»,-ասել է Մինասյանը:

Նրա ներկայացմամբ՝ հայկական կողմի աշխատանքի արդյունքում Հայոց ցեղասպանության պատմության նկատմամբ հետաքրքրություն է ծագում ինչպես հին ու նոր քաղաքական գործիչների, հետազոտողների, այնպես էլ տարբեր երկրների հասարակ քաղաքացիների շրջանում: