Իտալիայի Տոսկանա մարզի Կաստելինա-ին-Կյանտի քաղաքում միջնադարյան ամրոց է վաճառքի հանվել: Այն 30 մլն դոլար է գնահատվում:
Ինքնատիպ կառույցի վաճառքի մասին հայտարարությունը տեղադրվել է շվեդական www.jamesedition.com կայքում: Դրանում նշվում է, որ ամրոցը 115 ննջասենյակ եւ 100 լոգարան ունի: Ամրոցը շրջապատող հողատարածքը Սիենայի գեղադիր վայրում 630 հեկտար է զբաղեցնում: Այստեղ խաղողի եւ ձիթապտղի այգիներ կան՝ 1.500 ծառերով:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, 1400-ականներին կառուցված ամրոցը պատկանել է Պիկկոլոմինի ընտանիքին, որը Սիենայում մեծ ազդեցություն է ունեցել XIII դարից սկսած, իսկ այժմյան սեփականատերերն այն ձեռք են բերել շուրջ 30 տարի առաջ:
Տոսկանայի ամրոցի բնակելի մակերեսը կազմում է 14.315 քառակուսի մետր: Եթե ամրոցի գինը հաշվարկենք ըստ քառակուսի մետրի, ապա այն համարժեք կլինի Երեւանի էլիտար բնակարանների գնին՝ 2.000 դոլարի:





























