Նախամարդու ստեղծագործական մտածողության մասին հավաստող վերջին գտածոն արծվի ճանկերից պատրաստված վզնոցն է, որը շուրջ 130 հազար տարեկան է:

Չնայած այն հայտնաբերվել է 1899-1905 թվականներին անցկացված պեղումների ժամանակ, վզնոցը սկսել են ուսումնասիրել բոլորովին վերջերս: Գտածոյի ուսումնասիրությամբ զբաղվում են Զագրեբի Բնագիտության թանգարանի մասնագետները՝ ամերիկացի մարդաբան Դեւիդ Ֆրեյերի հետ համատեղ:

Գիտնականները նշում են, որ հնագույն վզնոցը բաղկացած է արծվի 8 ճանկերից, որոնց մշակումը խոսում է պարզունակ ոսկերչական աշխատանքի մասին:

Այսքան տարի թանգարանում պահպանվող հնագույն զարդը գիտնականները ցնցող գտածո են համարում, որի նմանն առայժմ չի հայտնաբերվել: Բացի այդ, հնագետները զարմացած են, թե նախամարդն ինչպես է կարողացել հաղթել նման խոշոր գիշատչին եւ «ռազմավար» վերցնել: