Արարատի մարզում, մարտի 14-ի երեկոյան «շտապօգնության» մեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետեւանքով վնասվածքներ ստացած բժիշկը եւ «Գազել» մակնիշի մեքենայի վարրոդը տեղափոխվել են հիվանդասենյակ: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, NEWS.am-ին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
«Բուժքույրը եւ շտապօգնության մեքենայի վարորդը դեռ վերակենդանացման բաժանմունքում են գտնվում, նրանց վիճակը կայուն է»,-ասաց Շուշան Հունանյանը:
Նշենք, որ «շտապօգնության» մեքենայում գտնվող բժշկի մոտ ախտորոշվել էր գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում, թոքերի թեթեւ սալջարդ, ողերի մի քանի կողմերի ելումների կոտրվածք, իրավիճակը կայուն է։
Բուժքույրի մոտ արձանագրվել էր գանգուղեղային վնասվածք, դիմային գանգի ոսկորների կոտրվածք, թոքերի թեթեւ սալջարդ, աջից բազուկոսկրի կոտրվածք, ձախից թիակոսկրի կոտրվածք, վիճակը կայուն է։
Շտապօգնության մեքենայի վարորդի մոտ արձանագրվել էր ծանր աստիճանի թոքերի սալջարդ, երիկամների սալջարդ, իսկ «ԳԱԶել»-ի վարորդն ստացել է գանգուղեղային վնասվածք, գանգի դիմացի ոսկորների կոտրվածք, վիճակը կայուն է։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մահվան ելքով ավտովթար է գրանցվել Արարատի մարզում: Մարտի 14-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել վթար։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ բախվել են շտապօգնության ծառայության «Ֆորդ» մակնիշի 339 UL 25 պ/հ եւ «ԳԱԶել» մակնիշի 15 US 247 պ/հ ավտոմեքենաները:
Շտապօգնության «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ 57-ամյա Հ. Կ.-ին, բուժքույր 29-ամյա Խ. Մ.-ին, բժիշկ 55-ամյա Լ. Հ.-ին, եւ 27-ամյա բժիշկ Կարապետ Գրիգորյանին, իսկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից` ուղեւոր 20-ամյա Ռ. Գ.-ին , որոնք տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ:
27-ամյա բժիշկ Կարապետ Գրիգորյանը հիվանդանոցում մահացել է:





























