Արցախում մարտի 17-26-ին փորձնական մարդահամար կանցկացվի: Մարտի 16-ին տեղի է ունեցել ԼՂՀ մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:
Կարեւորելով մարդահամարի անցկացման նշանակությունը՝ Ա. Աղաբեկյանը հորդորել է շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին ակտիվ ներգրավվել համապետական միջոցառմանը՝ այն պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Մինչեւ հիմնական մարդահամարի կազմակերպումը հոկտեմբերին, հանրապետությունում մարտի 17-26-ը կանցկացվի փորձնական մարդահամար՝ հիմնական մարդահամարի մեթոդաբանության, կազմակերպական աշխատանքների, նյութերի մշակման ծրագրերի եւ տեխնոլոգիական գործընթացների փորձարկման նպատակով:
Նիստում հանձնաժողովի հաստատմանն էր դրված փորձնական մարդահամարի նախապատրաստման, անցկացման եւ նյութերի մշակման ծրագիրը: Այն հանձնաժողովի անդամներին է ներկայացրել ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը: Նա իր խոսքում նշել է, որ ծրագրի նախապատրաստական փուլն ավարտված է, եւ մարտի 17-ից սկսվելու է երկրորդ փուլը: Փորձնական մարդահամարն անցկացվելու է Ստեփանակերտում, Մարտակերտի եւ Հադրութի շրջանների Հաթերք եւ Տող համայնքներում՝ ընդգրկելով հանրապետության բնակչության ոչ պակաս, քան 1 տոկոսը:
ԱՎԾ նախագահի՝ մարդահամարի գծով տեղակալ, մարդահամարի վարչության պետ Միքայել Սողոմոնյանը զեկուցել է, որ աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են ԼՂՀ քարտեզները՝ բնակավայրերի անվանումներով, քաղաքների քարտեզները՝ փողոցների անվանումներով եւ շենքերի համարներով, ինչպես նաեւ գյուղերի սխեմատիկ հատակագծերը: Արթուր Աղաբեկյանը հանձնարարել է կադաստրի պետական կոմիտեի նախագահին համագործակցել մարդահամարի անցկացման վարչության հետ՝ անհրաժեշտ ժամկետներում համապատասխան նյութերը ԱՎԾ-ին տրամադրելու համար:
Փոխվարչապետը տվել է միջոցառման մասին բնակչությանը պատշաճ կերպով իրազեկելու եւ կազմակերպչական այլ հարցերով մի շարք հանձնարարականներ եւս:





























