Մարտի 8-ին ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով ձերբակալված Համզաթ Բախաեւին պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։

Գործով անցնող եւս մեկ ֆիգուրանտի՝ Շահիդ Գուբաշեւին մեղադրանք կներկայացվի մարտի 16-ին։

Մարտի 13-ին Մոսկվա գետի հատակին՝ Մեծ Մոսկվորեցկ կամրջի մոտակա հատվածում, որտեղ սպանվել էր Նեմցովը, հայտնաբերվել էր 2 ատրճանակ։ Պարզվել էր, որ ատրճանակներից մեկը հաստատ սպանության գործիքը չէ, իսկ երկրորդ ատրճանակի վերաբերյալ փորձագետները դեռեւս եզրակացություն չունեն։

Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի ուշ երեկոյան Մոսկվայի Մեծ Մոսկվորեցկ կամրջի վրա։ ՌԴ Քննչական կոմիտեն քննարկում է սպանության միանգամից մի քանի վարկած, որոնց թվում՝ քաղաքական դրդապատճառներով սպանությունն ու կենցաղային հողի վրա կատարված սպանությունը։

Բորիս Նեմցովի սպանության գործով Մոսկվայի Բասմանի դատարանը 5 հոգու կալանքի որոշում էր կայացրել։ Ավելի վաղ նրանցից մեկը՝ Զաուր Դադաեւը հրաժարվել էր խոստովանական ցուցմունքներից։