Արարատի մարզում, մարտի 14-ի երեկոյան «շտապօգնության» մեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
NEWS.am-ին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մահվան ելքով ավտովթար է գրանցվել Արարատի մարզում: Մարտի 14-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքից դեպի Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել վթար։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ բախվել են շտապօգնության ծառայության «Ֆորդ» մակնիշի 339 UL 25 պ/հ եւ «ԳԱԶել» մակնիշի 15 US 247 պ/հ ավտոմեքենաները:
Շտապօգնության «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ 57-ամյա Հ. Կ.-ին, բուժքույր 29-ամյա Խ. Մ.-ին, բժիշկ 55-ամյա Լ. Հ.-ին, եւ 27-ամյա բժիշկ Կարապետ Գրիգորյանին, իսկ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից` ուղեւոր 20-ամյա Ռ. Գ.-ին , որոնք տեղափոխվել են Արտաշատ քաղաքի ԲԿ:
27-ամյա բժիշկ Կարապետ Գրիգորյանը հիվանդանոցում մահացել է:





























