Հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է «Կոմերսանտ» թերթի տեղեկատվությունը, թե ինքը հատուկ ծառայությունների խորհրդով լքել է Ռուսաստանը: «Պաշտոնական. Ընկերներս մի փոքր չափազանցրել են արտագաղթի մասին լուրը: L'officiel-ում ընթրիքն, իսկապես, եղել է ջերմ եւ լավ գինիով»,-գրել է Սոբչակը: Այլ մանրամասներ նա չի հայտնել, հաղորդում է Lenta-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ «Կոմերսանտի» հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը, ում Բորիս Նեմցովի հուղարկավորության ժամանակ անհայտ անձը սպառնացել էր, հատուկ ծառայությունների խորհրդով լքել է Ռուսաստանը:

Մարտի 13-ին Սոբչակը ընթրիք է կազմակերպել L'Officiel ամսագրի նոր համարի առթիվ, որի գլխավոր խմբագիր է նշանակվել ինքը: Միջոցառամանը ներկա է եղել նրա ամուսինը՝ Մաքսիմ Վիտորգանը եւ երկու թիկնապահները: «Ամուսնություն» ներկայացումն Ազգերի թատրոնում չեղյալ հայտարարել չէի կարող, ինչպես նաեւ այս ընթրիքը: Բայց վաղն առավոտյան կլքեմ Ռուսաստանը որոշ ժամանակով»,-ասել է Սոբչակը:

Սոբչակի մտերիմները նշել են, որ մեկնելու պլանները նրա մոտ առաջացել են «հատուկ ծառայությունների խորհրդով»։