Գրող, հրապարակախոս Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդի Թովմա Մաթեւոսյանի  սպանության գործով ամբաստանյալ Տիգրան Մելիքյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը Մաթեւոսյանի մահվան մեջ մեղադրում է բժիշկներին եւ պահանջում է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնել: Այս մասին, այսօր` մարտի 16-ին, լրագրողներին ասաց փաստաբանը` նշելով, որ Թովմա Մաթեւոսյանի սպանության գործի նախաքննությունն իրականացվել է բազմաթիվ խախտումներով, իսկ դատավարությունը՝ հապճեպ:

«Բժիշկներն արձանագրել են, որ Թովմա Մաթեւոսյանը մահացել է ներքին արյունահոսությունից, քանի որ մեծ քանակությամբ արյուն է կուտակվել նրա որովայնային խոռոչում:Իսկ իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն վնասվածքը, որը ստացել է մահացողը, նման հետեւանքի կարող էր հանգեցնել 3-4 ժամ անց, բայց  բժիշկները մահն արձանագրել են ընդամենը 20 րոպե անց: Դատարանում երկու բժիշկները  հայտարարում են,  որ  Թովմա Մաթեւոսյանը եղել է կլինիկական մահվան մեջ, երբ նրան հիվանդանոց են տեղափոխել: Նույնիսկ վկան է պատմել, որ Թովմա Մաթեւոսյանը իր ոտքով է մտել  հիվանդասենյակ եւ կլինիկական մահվան մեջ չի եղել, բայց նրան չեն հավատում:  Թովման եղել է ողջ, եւ եթե նորմալ բժշկական օգնություն ցուցաբերեին, ապա նա  հիմա էլ ողջ կլիներ: Բժիշկների սխալների հետեւանքով է մահացել նա»,-ասաց փաստաբանը:

Տիգրան Աթանեսյանը նաեւ նշեց, որ գործը քննող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղասի Մկոյանը գործը քննելիս թույլ է տվել բազմաթիվ սխալներ` նույնիսկ չի թույլատրել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնել . «Երբ ես միջնորդություն ներկայացրի գործը կարճելու մասին, նա չգիտեր որ պետք է հեռանար խորհրդակցական սենյակ, նոր որոշում կայացնի: Նա հարցը տեղում քննարկեց ու որոշում ընդունեց, ինչը կոպիտ սխալ է: Վստահ եմ, որ Աղասի Մկոյանը առանց դատավարական օրենքը հաշվի առնելու, խախտելով տարբեր տեսակի օրենքներ, այդ թվում նաեւ բարոյական օրենքները`  գործը ծածկադմփոց է անում»:

Փաստաբանի խոսքով` գործը քննող դատավորը մինչ այդ քննել է քաղաքացիական գործեր, այնուհետեւ քրեական գործեր քննող դատավոր չլինելու պատճառով սկսել է քրեական գործեր քննել: Տիգրան Մելիքյանի գործը քննելիս էլ դատավորը հապճեպություն է դրսեւորել, քանի որ նրան կրկին նշանակել են քաղաքացիական գործեր քննող դատավոր:

«Եվ քանի որ դատաբժշկական փորձաքննությունը 3-6 ամիս է տեւում`  դատավորն ամեն ինչ անում է, որպեսզի  մերժի ու արագ վերջացնի, գնա Սպիտակ`  քաղաքացիական գործերը քննելու»,-նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 15-ին Վանաձոր քաղաքում ժամը 22:00-ի սահմաններում, «Մոտկորի» անտառապետ Թովմա Մաթեւոսյանի  եւ բնապահպանության տեսուչ Տիգրան Մելիքյանի վիճաբանության արդյունքում դանակահարությունից «Մոտկորի» անտառապետ Թովմա Մաթեւոսյանը մահացել էր: Բնապահպանության տեսուչ Տիգրան Մելիքյանը 2013թ.-ի մայիսից գտնվում է կալանքի մեջ: