ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու կասկածանքով ավելի վաղ ձերբակալված Հ.Տոնոյանին, Հ.Գեւորգյանին, Դ.Հակոբյանին։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Փ.Առաքելյանին, Աշոտ եւ Գառնիկ Գրիգորյաններին հայտնաբերելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ մարտի 7-ին Գյումրիում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով վեց մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Մարտի 11-ին վիրավորներից մեկը՝ Կնյազ Ղազարյանը, հիվանդանոցում մահացել է։

Կրակոցները հնչել են Տերյան փողոցում` «Պեգաս» խանութի մոտ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ 2007 թվականին նույն այդ խանութի մոտ տեղի էր ունեցել փոխհրաձգություն` Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի որդիների ու նրանց ընկերների միջեւ: