ՀՀ սահմանադրական դատարանը, քաղաքացիներ Վալենտինա Մկրտչյանի եւ Սոֆյա Թորոսյանի դիմումների հիման վրա, այսօր՝ մարտի 17-ին, քննության առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի  4-րդ մասի , 407-րդ հոդվածի  5-րդ մասի եւ 414.1-րդ հոդվածի  2-րդ մասին  2-րդ կետի ` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության  հարցը  որոշելու վերաբերյալ գործը,  որոշեց՝

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասը՝ դատավարության այն մասնակիցների մասով, ովքեր չունեն պաշտպան եւ որոնց համար օրենքով սահմանված կարգով երաշխավորված չէ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորությունը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաեւ անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի եւ դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը։

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին եւ երկրորդ նախադասություններում ամրագրված դրույթները` վճռաբեկ բողոքը ստորագրելու պահին պաշտպան չունեցող եւ օրենքով սահմանված կարգով անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորություն չստացած դատավարության մասնակիցների մասով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում բացառում է նշված անձանց կողմից իրենց օրինական շահերը ներկայացնելու համատեքստում վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորությունը։

3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 5-րդ մասի երրորդ նախադասությունում ամրագրված` ՙՎճռաբեկ բողոքին կցվում է նաեւ վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)՚ դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1192 որոշան մեջ նույն հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

4. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: