Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման եւ գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է գրականության, երաժշտության, կինոարվեստի, թատրոնի, պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացված աշխատանքները, մշակութային կենտրոնների գործունեության, միջազգային համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները:
Զեկուցվել է, որ հաշվետու ամանակահատվածում երաժշտության ոլորտում առաջին անգամ իրականացվել է հայ եւ համաշխարհային կոմպոզիտորների 6 մեծակտավ գործերի պարտիտուրների թվայնացում, թատերարվեստի բնագավառում՝ 27 նոր ներկայացման բեմադրություն: Կինոարվեստի ոլորտում նկարահանվել է 18 խաղարկային (8-ը՝ շարունակվող), 13 վավերագրական կինոնախագիծ (3-ը՝ շարունակվող), 5 մուլտիպլիկացիոն ֆիլմ եւ այլն: Հաշվետու ժամանակահատվածում «Գրականության հրատարակում» ծրագրով հրատարակվել է 55 անուն գիրք, որից` 10-ը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: 2014 թ.-ի ընթացքում հանրապետության գրադարանային հավաքածուները համալրվել են 38 հազար 965 միավորով, գրադարանի հայերեն հնատիպ գրքի հավաքածուն համալրվել է 5 անուն գրքով:
«Հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում» ծրագրով 2014 թ. հատկացվել է 250 մլն դրամ, որը 35 մլն դրամով ավելի է նախորդից: Նշված ծրագրով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 11 հուշարձաններում (Ոսկեւազի Սբ Հովհաննես, Իրինդի Սբ Աստվածածին, Այգեշատի Թարգմանչաց, Քոբերի Քոբայրավանք, Ալավերդու Սանահին, Կամարիսի Սբ Հովհաննես, Վաղուտինի Որոտնավանք, Գոշավանքի եկեղեցիներ, Գոշի դամբարանի եւ Բջնիի ամրոց, Լոռի Բերդ), 13 հուշարձաններում՝ նախագծահետազոտական, գեոդեզաքարտեզագրական աշխատանքներ, իսկ Դվինի պեղումները (10 մլն դրամ) եւ ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տանը գտնվող Մ. Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարի վերականգնումը (22 մլն դրամ) կատարվել է ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով: Վերականգնված հուշարձաններից 8-ն անհատույց սեփականության օգտագործման իրավունքով հանձնվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառվել է «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների օրա¬ցույցը համալրվել է Թորոս Թորա¬մանյանի ծննդյան 150 եւ Ոսկան Երեւանցու ծննդյան 400-ամյակների հոբելյաններով: Շարունակվել է համագործակցությունը Հա¬յաս¬տանի եւ Վրաստանի միջեւ, որն իրականացվում է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի հիման վրա: Հաստատվել են Թբիլիսիի Մուղնեցոց Սբ Գեւորգ եւ Սբ Նշան եկեղեցիների վերականգնման նախագծերը, սկսվել են ամրակայման աշխատանքները: Մեկնարկել են նաեւ Նորաշենի Սբ Աստվածածին եկեղեցու ամրակայման աշխատանքները:
Մեկնարկել է Երեւանի Կապույտ մզկիթը (1776 թ.) ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գործընթացը: Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի աջակցությամբ սկսվել է Անիի Մայր տաճարի շրջակայքի մաքրման եւ պեղման աշխատանքները, մշակվում է տաճարի ամբողջական վերականգնման էսքիզային նախագիծը (Անի քաղաքն ընդգրկվել է Համաշ¬խարհային ժառանգության նախնական ցանկում): Հայ-ամերիկյան հնագիտական արշավախմբի համատեղ իրականացրած պեղումների արդյունքում Հրազդանի կիրճում` Նոր Գեղի համայնքում, հայտնաբերվել է 325-300 հազար տարվա բնակատեղի: ՀՀ մշակույթի նախարարը նշել է, որ միջազգային մասնագետների շրջանում մեծ է հետաքրքրությունը Հայաստանի հնարավայրերի նկատմամբ եւ բոլոր հնավայրերում պեղումների աշխատանքներին մասնակցում են բազմաթիվ միջազգային մասնագետներ:
Զեկուցվել է նաեւ, որ 2014 թ. հուլիսի 1-ից 44 տոկոսով բարձրացվել է մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձը:
Անդրադառնալով ընթացիկ եւ առաջիկա աշխատանքներին՝ ՀՀ մշակույթի նախարարը զեկուցել է, որ ներկայում վերականգնման աշխատանքներ են իրականացվում Վարագավանք, Օձունի եկեղեցի, Տաթեւի վանական համալիրի Քոբայրավանք, Սոլակի Մայրավանք, Կամարիսի Սբ Հովհաննես եկեղեցի, Մխիթար Գոշի դամբարան հուշարձաններում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մշակվել է եւ հաստատվել հատուկ ծրագիր: Մասավորապես, Երուսաղեմում արդեն իսկ անցկացվել է «Քեզ հետ Հայաստան» համերգը, Հռոմում բացվել է Մեծ Եղեռնին նվիրված խոշոր ցուցահանդես, որտեղ ներկայացվել է հայկական քաղաքակրթությունը եւ մշակութային ցեղասպանությունը: Պետական միջոցներով ներկայում նկարահանվում է Հայոց ցեղասպանության թեմայով չորս գեղարվեստական, 13 վավերագրական ֆիլմ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ArmBookExpo ցուցադրության համար «Amazon», «eBay», «Heritage Auction» գրավաճառ հարթակներից ձեռք է բերվել 625 անուն գիրք:
Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է նաեւ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մշակույթի ասպարեզի աշխատակիցների շրջանում սոցիալական փաթեթների ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը: Խոսելով 2015 թ. նախատեսվող ծրագրերի մասին՝ նախարարը զեկուցել է պատմամշակութային արժեքների պահպանության, մշակութային կենտրոնների, այդ թվում երաժշտական դպրոցների հիմնանորոգման, երաժշտական գործիքների ձեռքբերման, միջազգային ասպարեզում հայկական մշակույթի տարածման ուղղությամբ նախատեսվող ծրագրերն ու քայլերը:
Վարչապետ Աբրահամյանը կառավարության աջակցությունն է հայտնել մշակույթի ոլորտի զարգացմանն ու նոր ծրագրերի իրականացմանը, կարեւորել պատմամշակութային ժառանգության պահպանման, հնավայրերում պեղումների իրականացման ծրագրերը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պետք է ավելի մեծ ուշադրություն եւ ֆինանսական ռեսուրսներ ուղղել մշակութային արժեքների պահպանմանը, որը լավագույնս կներկայացնի հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը:





























