Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, Երեւանում, «Եվրանեսթ» ԽՎ 4-րդ լիագումար նիստում իր ելույթում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Վստահ եմ, որ միջխորհրդարանական քննարկումները թույլ կտան ճիշտ պատկերացումներ կազմել մեր ժողովուրդների առջեւ կանգնած մարտահրավերների մասին եւ փորձել միասին գտնել դրանց հաղթահարման ուղիները:

Ուրախալի է, որ համաեվրոպական արժեքային համակարգի տարածմանն ու արմատավորմանն ուղղված մեր համագործակցությունն ընդգրկում է թե՛ խորհրդարանական եւ թե՛ քաղաքացիական հասարակության շրջանակները: Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի, թե ինչպես կարող է պայքարել եւ իր տեսլականը կյանքի կոչելու համար մեծ դերակատարում ունենալ»,-նշել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն ավելի խորացնելու նպատակով Հայաստանը նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումներ՝ նպատակ ունենալով կատարելագործել իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը:

«Հենվելով ընդհանուր արժեքների վրա՝ Հայաստանը հանձնառու է զարգացնել համագործակցությունը Եվրամիության հետ՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների եւ դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առեւտրի ու ներդրումների ընդլայնման համար գործարար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության եւ գործընկերության շարունակական իրականացմանը եւ ոլորտային համագործակցության ընդլայնմանը»,-նշել է երկրի ղեկավարը: